Իրանի վրա «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը ձախողված է. Արաղչի
Իրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որն առաջարկում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ձախողված է։ Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական SNN գործակալությունը, հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։
Փետրվարի 4-ին Թրամփն ստորագրել է Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին հրամանագիր՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ստիպված չի լինի հաճախ օգտվել դրանից:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի երեկվա հայտարարությանը, համոզված եմ, որ «առավելագույն ճնշումը» ձախողված փորձ է, և դրա կրկնակի կիրառումը կվերածվի նոր ձախողման»,- ասել է Արաղչին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ կապված միջուկային զենք ստեղծելու Թեհրանի փորձերի հետ՝ Վաշինգտոնը պետք է Իրանի նկատմամբ ուժեղացնի ճնշումը: