Իրանի ներկայիս ղեկավարությունը կանգնած է իր կառավարման վերջին օրերի առաջ. Մերց
Իրանի ներկայիս ղեկավարությունը կանգնած է իր կառավարման վերջին օրերի և շաբաթների առաջ՝ երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, տեղեկացնում է Reuters-ը:
Նա նշել է, որ Իրանում սկսված բողոքի ցույցերը, որոնք սկզբում կապված էին տնտեսական ծանր պայմանների հետ, վերածվել են Իսլամական Հանրապետության հոգևոր իշխանության դեմ ուղղված կոչերի։
«Ես կարծում եմ, որ այժմ մենք ականատեսն ենք այս ռեժիմի կառավարման վերջին օրերի և շաբաթների»,– ասել է Ֆրիդրիխ Մերցը՝ կասկածի տակ դնելով Իրանի ղեկավարության լեգիտիմությունը։
Նա հավելել է, որ այն պահից, երբ ռեժիմը կարող է պահպանել իշխանությունը միայն բռնության միջոցով, նրա ավարտը դառնում է անխուսափելի։
«Բնակչությունն այժմ ընդվզում է այս ռեժիմի դեմ»,-ասել է Մերցը և հայտնել, որ Բեռլինը սերտ շփումների մեջ է ԱՄՆ-ի և եվրոպական այլ պետությունների կառավարությունների հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ:
Նա միևնույն ժամանակ կոչ է արել Թեհրանին դադարեցնել ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումները։


