չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Իրանը Կատարից պարզաբանում է պահանջում անհետացած օդաչուների ճակատագրի վերաբերյալ

Իրանը Կատարից պարզաբանում է պահանջում անհետացած օդաչուների ճակատագրի վերաբերյալ

Իրանի բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամմադ Աքրամինյան Կատարին կոչ է արել հստակ և փաստաթղթերով հաստատված պատասխան տալ ԱՄՆ-ի հետ պատերազմի ընթացքում անհետ կորած երեք իրանցի օդաչուների ճակատագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr-ը:

Աղբյուրին տված հարցազրույցում Աքրամինյան ասել է, որ խոսքն Իրանի ռազմաօդային ուժերի երկու Սու-27 կործանիչների օդաչուների մասին է, որոնք մասնակցել էին Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի դեմ գործողությանը։

Նա նշել է, որ առաջադրանքը կատարելուց հետո ինքնաթիռները հետդարձի ճանապարհին ենթարկվել են թշնամու օդային պարեկների հարձակմանը և խոցվել։ Ավելի ուշ Իրանին է հանձնվել զոհված օդաչուներից մեկի՝ Մաջիդ Քազեմիի մարմինը, որին հուղարկավորել են Շիրազում։

Ըստ Աքրամինյայի՝ երկու ինքնաթիռներից յուրաքանչյուրում եղել է երկուական օդաչու, ուստի ևս երեք զինծառայողների ճակատագիրն անհայտ է մնում։

Նրա խոսքով՝ իրանական կողմը բազմիցս դիմել է Կատարին Արտաքին գործերի նախարարության, նախագահի վարչակազմի և զինված ուժերի շտաբի միջոցով, ինչպես նաև անմիջականորեն՝ կատարցի զինվորականներին և կառավարությանը։ Սակայն Դոհան հայտարարում է, որ տեղեկություններ չունի անհետացած օդաչուների մասին։

Իրանի բանակի ներկայացուցիչը կոչ է արել Կատարի իշխանություններին ավելի լրջորեն վերաբերվել այս հարցին և ակտիվացնել որոնումները։ Եթե Կատարը իսկապես չգիտի, թե ինչ է պատահել օդաչուների հետ, ապա, նրա խոսքով, երկիրը պետք է ավելի պատասխանատու գործի և Իրանին տրամադրի նրանց ճակատագրի վերաբերյալ փաստաթղթավորված տեղեկություններ։

  • Կիսվել: