Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆն ու Քուշները, Վենսը չի մասնակցի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ մեկնում է Պակիստան՝ վերսկսելու Իրանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունները, կիրակի The New York Post-ին հայտնել է Թրամփը։
«Սթիվն այնտեղ կմեկնի վաղը երեկոյան»,- Սպիտակ տնից արված հեռախոսազրույցում ասել է Թրամփը՝ հաստատելով, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իսլամաբադ կժամանի երկուշաբթի երեկոյան՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլից առաջ։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ջարեդ Քուշները՝ իր փեսան և Մերձավոր Արևելքում նախկին գործարքների վետերանը, նույնպես կմասնակցի երեքշաբթի օրը նախատեսված բանակցություններին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր բանակցությունների նախորդ փուլը, Իսլամաբադ չի մեկնի։
Երբ Թրամփին հայտնել են, որ Իսլամաբադում նկատել են Կատարի պաշտոնյաների, որոնք հույս ունեն հյուրընկալել իրեն Պակիստանի մայրաքաղաք ժամանելու դեպքում, նա զարմանք չի հայտնել և բաց է պահել Իսլամաբադ մեկնելու հնարավորությունը, եթե համաձայնություն ձեռք բերվի։ «Կասեի՝ գուցե մի փոքր ուշ։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվեն գործերը վաղը»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք նա կարող է ժամանել Պակիստան, Թրամփը հասկացրել է, որ չի շտապեցնում գործընթացը՝ կրկնելով, որ «հավանաբար կժամանի ավելի ուշ»։
Ավելի վաղ Թրամփն Իրանին մեղադրել էր հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ սպառնալով հրթիռակոծել երկրի ենթակառուցվածքները։ Նա նաև հայտնել էր իր բանագնացների՝ Իսլամաբադ մեկնելու մասին։
Ավելի ուշ CNN-ը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հայտնել էր, որ երեքշաբթի Պակիստան կմեկնեն նաև Թեհրանի ներկայացուցիչները։


