Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունն Անդրկովկասում. Զախարովա
Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների ղեկավարները Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Կասպից ծովում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 17-18-ը Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, նրա բանակցությունները կկայանան ռուս գործընկերոջ հետ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն մտքերի մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում եւ Կասպից ծովում իրերի վիճակի շուրջ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նախարարները նախատեսում են քննարկել նաեւ ՄԱԿ-ում եւ այլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում եւ ԲՐԻԿՍ-ում գործողությունների համակարգման եւ ամրապնդման գործնական ուղղությունները: