Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ մի բանակցություն չի ընթանում․ Իրանի ԱԳՆ
Մենք երեկ հստակ հասկացրել ենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև որևէ բանակցություն չի ընթանում։ Այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա ընդգծել է, որ Իրանի դեմ մղվող 25-օրյա անօրինական պատերազմի ընթացքում նման շփումներ չեն եղել։
«Ինչպես տեսնում եք, մենք ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների աղետալի փորձ ունենք։ Ինը ամսվա ընթացքում մենք երկու անգամ հարձակման ենք ենթարկվել հենց այն պահին, երբ միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մեջ էինք։ Սա դիվանագիտության դավաճանություն էր։ Այս ձևակերպումն այժմ շատ հայտնի է Իրանում, քանի որ դա պատահեց ոչ թե մեկ, այլ երկու անգամ։ Ուստի՝ ինչպե՞ս կարելի է վստահել ամերիկյան դիվանագիտությանը։ Մեր դիրքորոշումը նրանց հայտարարությունների վերաբերյալ միանգամայն հստակ է. այս պահին մեր քաջարի ուժերը կենտրոնացած են Իրանի տարածքն ու ինքնիշխանությունը այս դաժան ու անօրինական պատերազմից պաշտպանելու վրա»,— հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։



