Իրանի դեմ պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը չկայանա. ԱՄՆ էներգետիկայի նախարար
ԱՄՆ-ն ավելի խիստ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, այդ թվում՝ նավթային ոլորտին վերաբերող, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը չկայանա: Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կգնա Թեհրանի դեմ պատժամիջոցների ուժեղացման՝ կողմերի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի բացակայության դեպքում, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է «Անկասկած, ես շատ կոշտ պատժամիջոցներ կսպասեի Իրանի դեմ և հույս կունենայի, որ դրանք կստիպեն նրան հրաժարվել իր միջուկային ծրագրից»;
Ըստ Ռայթի՝ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններ վարելու հարցում. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ: Իր հերթին Թրամփը սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագրեր չկնքեն: