Իրանի ԱԳՆ-ն հայտնել է միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հասնելու մասին
Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը հայտնել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ, ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից հետո կշարունակվի Թեհրանի և Վաշինգտոնի թիմերի միջև քննարկումների երրորդ փուլը: Այս մասին հայտնել է արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Այսօրվա հանդիպումը կառուցողական էր և արդյունավետ, առաջընթաց է գրանցվում»,-ասել է Արաղչին:
Հիշեցնենք, որ Հռոմում Օմանի դեսպանատանը տեղի են ունեցել միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները: Իրանական թիմը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը:
Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Օմանում, կողմերն ընդգծել էին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Այնուհանդերձ, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել: