Իրանի ԱԳ նախկին նախարարը կվերադառնա կառավարություն
Իրանի ԱԳ նախկին նախարար Ջավադ Զարիֆը, որ նշանակումից 10 օր անց՝ օգոստոսի 11-ին հրաժարական էր ներկայացրել, կրկին կկատարի ռազմավարական հարցերով փոխնախագահի պարտականությունները: Զարիֆը հայտնել է, որ նման որոշում է կայացվել «նախագահի հետ մանրակրկիտ խորհրդակցություններից հետո»։
Զարիֆը նաև նշել է, թե կառավարության անդամները հանդիպել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդի հետ. «Ես շարունակելու եմ կատարել նախագահի ռազմավարական տեղակալի իմ պարտականությունները՝ ապավինելով Աստծուն և ակնկալելով ժողովրդի ընկերակցությունն ու առաջնորդությունը»,- գրել է նա X-ի իր էջում։
Հիշեցնենք՝ Զարիֆը, որ վերջերս էր նշանակվել ռազմավարական հարցերով փոխնախագահ, հրաժարական է տվել՝ նոր նախարարների թեկնածությունները խորհրդարանի հաստատմանը ներկայացնելուց մի քանի ժամ անց։
Զարիֆը Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2021թթ։