Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ ԿԺԴՀ Կորեական աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է Հարավային Կորեայի հետ սահմանին հակազդման նոր միջոցներ տեղակայելու և բարձրախոսների աշխատանքի մեկնարկի մասին: Այս մասին ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
«Հակազդման մեր նոր միջոցները պատրաստության կբերվեն հարավային սահմանային ամբողջ գծի երկայնքով ծառայություն իրականացնելու համար, իսկ Կորեայի Հանրապետության դեմ բարձրախոսները պատրաստության կբերվեն մի քանի օրվա ընթացքում», - նշել է նա:
Հյուսիսկորեացի առաջնորդի քույրը նաև աջակցություն է հայտնել ԿԺԴՀ-ի սահմանն ամրապնդելու ուղղությամբ Փհենյանի աշխատանքներին։
«Եթե սահմանային գիծը վերածվի ամրոցի, ռազմական բախման վտանգը զգալիորեն կնվազի, և բազմաթիվ բարդ խնդիրներ կլուծվեն», - ընդգծել է Կիմ Յո Չժոնը։
Նա նշել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ սխալ թույլ տալու դեպքում պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։
Ավելի վաղ Կիմ Յո Չժոնը հրապարակել էր հայտարարություն, որում նշել էր, որ «հարավային սահմանի շրջանում իրավիճակը խիստ անկայուն է». նա դրանում մեղադրել էր Կորեայի Հանրապետության իշխանություններին։ Նա նշել է, որ Սեուլի գործունեությունն ուղղված է հարավային սահմանն ամրապնդելու ուղղությամբ ԿԺԴՀ-ի աշխատանքը խոչընդոտելուն։



