ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Հունաստանի ՊՆ ղեկավարը Թուրքիայի հետ բանակցություններն անօգուտ է համարում

Հունաստանի ՊՆ ղեկավարը Թուրքիայի հետ բանակցություններն անօգուտ է համարում

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն ուրբաթ  հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններն անօգուտ են, քանի դեռ այդ երկիրը Հունաստանին սպառնում է պատերազմով։ Նրա հայտարարությունը հրապարակել է Newsit.gr լրատվական պորտալը։

«Քանի դեռ վտանգ կա Հունաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հաղորդակցության ցանկացած փորձ ապարդյուն է դառնում»,- ասել է նախարարը:

Պանայոտոպուլոսի հայտարարությունը հնչել է հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Հունական Onalert.gr պաշտպանական լրատվական պորտալը հինգշաբթի հաղորդել է, որ Պանայոտոպուլոսը Աքարին զգուշացրել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Հունաստանին ուղղված վիրավորական հռետորաբանությունը և անհապաղ թուլացնի լարվածությունը երկկողմ հարաբերություններում:

Աքարն էլ ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները մոտ օրերս կարող են բանակցություններ վարել Էգեյան ծովում լարվածությունը նվազեցնելու և երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։

  • Կիսվել: