Վենսը հայտարարել է Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելու շուրջ Պենտագոնի հետ տարվող աշխատանքի մասին
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ինքն աշխատում է Պենտագոնի հետ այն ուղղությամբ, որպեսզի Թուրքիան կարողանա օրինական ճանապարհով ստանալ F-35 կործանիչները, հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Կան որոշակի բաներ, որոնք մենք պետք է հաստատենք, որպեսզի դրանք համապատասխանեն ամերիկյան օրենսդրությանը։ Մենք ստուգում ենք իրավիճակը և հավաստիանում, որ դա տեղի է ունեցել։ Դա իրականում Կոնգրեսի հարցն է, և մենք պետք է համոզվենք, որ Թուրքիան պահպանում է ամերիկյան օրենքները, որպեսզի նրանք կարողանան ստանալ F-35-ները»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, Թուրքիային F-35 կործանիչների տրամադրումը հավանական էր համարել։
Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից գնել էր 2,5 միլիարդ դոլար արժողությամբ С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ С-400-ների գնդային լրակազմի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև պայմանագրի կնքումից հետո Անկարան հեռացվել էր նոր սերնդի F-35 կործանիչների ստեղծման ամերիկյան ծրագրից։ Միաժամանակ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունից բազմիցս հայտարարել են, որ «С-400-ների նկատմամբ մոտեցումներում որևէ փոփոխություն չկա»։


