Հնդկաստանի արևելքում տեղի ունեցած հեղեղումների պատճառով ավելի քան 22 հազար մարդ է տուժել
Հնդկաստանի արևելյան շրջաններին պատուհասած հորդառատ անձրևները վերջին օրերին հեղեղումների պատճառ են դարձել և մասսայական ավերածություններ առաջացրել Ասամ և Արունաչալ Պրադեշ նահանգներում։ Այս մասին հայտնում է «Hindustan Times» թերթը։
Ասամ նահանգի աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ հեղեղումներից ընդհանուր առմամբ տուժել է 22,124 մարդ։ Արունաչալ Պրադեշ նահանգում հայտնել են երեք զոհի մասին։ Այժմ ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Ջրասույզ է եղել 96 գյուղ և 1.6 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածք։ Վնասվել են տներ և ճանապարհներ, իսկ Դհեմաջի շրջանում փլուզվել է 1965 թվականին կառուցված երկաթուղային կամրջի զգալի մասը։ Անօթևան մնացած մարդկանց տեղավորում են ժամանակավոր կացարաններում։
Հունիսի 29-ին Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը հեռախոսազրույց է ունեցել Ասամի գլխավոր նախարար Հիմանտա Բիսվա Սարմայի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ ներկա եղանակային պայմանները խոցելի շրջաններում կարող են հանգեցնել նոր սողանքների, հանկարծակի հեղեղումների և խաթարել բնականոն կյանքը։


