ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

«Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։ Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։

«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», - նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։

«Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։

«Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», - ընդգծել է Ֆադլալան։ - Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:

Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի  պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։

«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, - նշել էր Աունը։ - Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։

Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։

Ապրիլի 18-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը նախազգուշացրել էր, որ թույլ չի տա ուժով զինաթափել շիա մարտիկներին։ Նա նաև նշել էր, որ լիբանանյան բանակի և դիմադրության ջոկատների միջև բախում տեղի չի ունենա:

 

 

  • Կիսվել: