Հեռախոսազրույց են ունեցել Եվրահանձնաժողովի նախագահն ու Չինաստանի վարչապետը
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ: Քննարկվել են երկկողմ և գլոբալ հարցեր:
Անդրադառնալով ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին՝ Լայենը շեշտել է կայունության և կանխատեսելիության կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, ինչպես նաև Եվրոպայի ու Չինաստանի՝ որպես աշխարհի երկու խոշորագույն շուկաների պատասխանատվությունը՝ ուժեղ բարեփոխված առևտրային համակարգին աջակցելու համար, ազատ, արդար և հավասար հիմունքներով:
Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ստեղծված իրավիճակը կարգավորել բանակցությունների միջոցով՝ ընդգծելով հետագա էսկալացիան թույլ չտալու անհրաժեշտությունը:
Ֆոն դեր Լայենը նաև հիշեցրել է երկկողմ առևտրային հարաբերությունների հավասարակշռությունը վերականգնելու և եվրոպական ձեռնարկությունների, ապրանքների և ծառայությունների ավելի մեծ հասանելիություն ապահովելու համար կառուցվածքային որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին: