Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ
Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։ Կրթօջախը բողոքում է, որ Սպիտակ տունը սառեցրել է 2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորման ծրագիրը։
«Դա անօրինական է և դուրս է կառավարության լիազորություններից», - նշել են կրթական հաստատությունում: Հարվարդի ղեկավարության խոսքով՝ բժշկական, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների կրճատումը խաթարում է ամերիկացիների կյանքը փրկելուն ուղղված ջանքերը:
Օրեր առաջ Սպիտակ տունը սպառնացել էր չեղարկել օտարերկրացի ուսանողների՝ Հարվարդ ընդունվելու իրավունքը, եթե համալսարանը հրաժարվի տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ժամանակ է տվել՝ մինչև ապրիլի 30-ը:
Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել Սահմանադրությունը: