Հարավային Կորեան Ուկրաինայից պահանջում է ներողություն հայտնել
Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը Ուկրաինայից պաշտոնական պարզաբանումներ և ներողություն է պահանջել՝ Կիևին մեղադրելով Սեուլին հյուսիսկորեացի երկու ռազմագերիների փոխանցման մասին տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև այդ քայլի գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածության փաստը հետագայում հերքելու մեջ:
«Նախագահի աշխատակազմը խորին ցավալիություն է հայտնում Ուկրաինայի կողմից տեղեկատվության միակողմանի հրապարակման և դրան հաջորդած նրա կեղծ հայտարարության առնչությամբ, թե չհրապարակման վերաբերյալ համաձայնություն չի եղել»,- ասված է նախագահի հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Սոն Գի Հոնի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ կառավարությունը դիտարկում է այս իրավիճակի հետ կապված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, եթե դրա կարիքը լինի:
Նրա խոսքով՝ Կիևը տարբեր խողովակներով Սեուլի հետ բազմիցս քննարկել է գերիների փոխանցման հարցը և պնդել գաղտնիության պահպանումը՝ պատճառաբանելով, որ հանրային հնչեղությունը կարող էր Ուկրաինայի ներսում քննադատություն առաջացնել՝ հյուսիսկորեացի զինվորներին ուկրաինացի գերիների հետ փոխանակելու բաց թողնված հնարավորության պատճառով:
Հարավային Կորյան համաձայնել էր գաղտնի պահել փոխանցման փաստը՝ հաշվի առնելով, ինչպես հայտարարել է երկրի նախագահի ներկայացուցիչը, անվտանգության նկատառումները, դիվանագիտական և հումանիտար ասպեկտները, այդ թվում՝ բուն գերիների և նրանց ընտանիքների անվտանգությունը:
Համաձայն հայտարարության՝ Ուկրաինան փոխանցման մասին տեղեկատվությունը բացահայտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ընթացքում՝ առանց պատշաճ ծավալով նախնական խորհրդակցություններ անցկացնելու, իսկ այնուհետև հերքել է գաղտնիության վերաբերյալ որևէ համաձայնագրի առկայությունը:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Զելենսկին հայտնել էր՝ Ուկրաինան վերջերս Հարավային Կորեային է փոխանցել երկու հյուսիսկորեացի զինվորի, որոնք գերի էին վերցվել Կուրսկի մարզում:



