ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի

Հալեպում բախումները շարունակվում են. զոհերի թիվը հասել է 7-ի

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) խմբավորման դեմ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա յոթ զոհ և 52 վիրավոր: Այս մասին հայտնել է Հալեպի Առողջապահության վարչության լրատվական ծառայության տնօրեն Մունիր ալ-Մուհամմադը, տեղեկացնում է SANA-ն։

Նշենք, որ ավելի վաղ BBC-ն հայտնել էր 12 զոհի մասին։

Ըստ տեղեկությունների՝ ՍԴՈւ-ն թիրախավորել է Հալեպի համալսարանի հանրակացարանը, Քաֆր Համրա բնակավայրը, Միդան թաղամասը, ինչպես նաև ալ-Ռազի հիվանդանոցը և Սուլեյման ալ-Հալաբի թաղամասում գտնվող Հալեպի ջրային վարչությունը։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հայտնել է, որ շտապօգնության կին աշխատակից է վիրավորվել Հալեպում տարհանման կետի մոտ գտնվող շտապօգնության մեքենային ուղղված դիպուկահարի կրակոցից։

Սիրիական բանակի և ՍԴՈւ-ի միջև Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերի մոտակայքում հրետակոծությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Հալեպում «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» և սիրիական բանակի միջև բախումները սկսվել են հունվարի 6-ից։ Սիրիական բանակը կոչ է արել քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ ՍԴՈւ բոլոր դիրքերից՝ նշելով, որ պատրաստվում է թիրախային գործողություններ սկսել տարբեր դիրքերի ուղղությամբ:

  • Կիսվել: