Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը, հայտարարել է, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Միաբևեռ կարգը, որի դեպքում մի կողմն ուժի և հարկադրանքի միջոցով զիջումներ է կորզում, ավարտվել է։ Չինաստանի և Ռուսաստանի կողմից կիրառված վետոները մերժեցին Անվտանգության խորհրդի քաղաքական շահարկումը և վերահաստատեցին օրենքի գերակայությունը», - նշել է նա։
Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Իրանը պետք է պաշտպանի բազմակողմանիությունը, և որ միակողմանիությունը ոչ մեկի շահերին չի ծառայում։
Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերի 17-ին վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում էր շարունակել Իրանի դեմ 2025 թվականին միջուկային ծրագրի պատճառով վերականգնված պատժամիջոցների մոնիթորինգը։
Միացյալ Նահանգները մշակել էր բանաձև՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի մանդատը մեկ տարով երկարաձգելու համար։ Առաջարկը մերժվել է ձայների 11-2 հարաբերակցությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով, իսկ Սոմալին և Պակիստանը ձեռնպահ են մնացել։



