ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատանքի խափանումներ են սկսվել՝ աշխատողների գործադուլի պատճառով

Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններում աշխատանքի խափանումներ են սկսվել՝ աշխատողների գործադուլի պատճառով

Գերմանիայի գրեթե բոլոր օդանավակայաններին, այդ թվում՝ երկրի խոշոր օդային հանգույցներին Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Բեռլինում, մարտի 10-ին աշխատանքի խափանումներ են սպառնում այն բանից հետո, երբ Ver.di արհմիությունը կոչ է արել ցամաքային անձնակազմին, ուղեբեռի սպասարման և անվտանգության ծառայության աշխատակիցներին մեկօրյա գործադուլ սկսել, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ սպասվում են թռիչքների լուրջ սահմանափումներ, այդ թվում՝ մեծ թվով չվերթների չեղարկումներ։

Արհմիության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլները սկսվելու են այսօր երեկոյան և ավարտվելու են 24 ժամ հետո, իսկ Համբուրգի օդանավակայանն արդեն փակ է գործադուլի պատճառով։

ADV օդանավակայանների ասոցիացիայի կառավարիչ տնօրեն Ռալֆ Բեյզելն ասել է. «Գործադուլներն ամբողջ երկրին զրկում են օդային հաղորդակցությունից: Մենք կոչ ենք անում Ver.di-ին հաշվի առնել ուղևորների շահերը և խաղաղ լուծում փնտրել բանակցությունների սեղանի շուրջ»:

Ըստ Associated Press-ի՝ Համբուրգի օդանավակայանում կիրակի օրը աշխատողների անսպասելի գործադուլի հետևանքով չվերթների չեղարկումից տուժել է ավելի քան 40․000 ուղևոր:

Արհմիությունը, որը ներկայացնում է մոտ 2 միլիոն աշխատողի, անցյալ շաբաթ իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկած ֆիսկալ բարեփոխումների ծավալուն ծրագրերին՝ հայտարարելով, որ դրանք կօգնեն արդիականացնել երկրի քայքայվող ենթակառուցվածքը:

Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը 10 տարվա ընթացքում 500 միլիարդ եվրոյի չափով ներդրումներ է հատկացրել փոխառու միջոցների հաշվին և նախատեսում է զգալիորեն ավելացնել պաշտպանական ծախսերը:

Արհմիության պահանջները ներառում են աշխատավարձի բարձրացում, արձակուրդային օրերի թվի մեծացում և ժամանակավոր պայմանագրերի սահմանափակումներ:

  • Կիսվել: