Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի
Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը:
«Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ալ-Թուֆֆահ թաղամասի արևելքում թունել են պայթեցրել, որի հետևանքով իսրայելցի զինվորներ են զոհվել ու վիրավորվել։
Պաղեստինի կառավարության տեղեկատվական կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 1827 պաղեստինցի, վիրավորել՝ ևս 4828-ը։ Բացի այդ, ավելի քան 420 000 մարդ բռնի տեղահանվել է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ վերջին 50 օրվա ընթացքում Գազայի հատվածում պարենային պաշարները խիստ պակասել են, իսկ անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները սպառվում են:
«Առողջապահական համակարգը ավերվել է, հացաբուլկեղենի արտադրամասերը փակվել են, և 2 միլիոն պաղեստինցիներ այժմ ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունից, որն արգելվում է Իսրայելի կողմից», - նշվել է զեկույցի մեջ։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 240 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 931-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։