Էրդողանը 13 տարվա ընթացքում առաջին անգամ ընդունել է քրդամետ կուսակցության պատգամավորների
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է քրդամետ ՛՛Ժողովուրդների ժողովրդավարական հավասարության՛՛ կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանին և Սըրը Սյուրեյե Օնդերին:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ սա վերջին 13 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին հանդիպումն է կուսակցության ներկայացուցիչների հետ: Բանակցություններին մասնակցել են նաև ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցության փոխնախագահը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը:
Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկել են ՛՛Թուրքիան առանց ահաբեկչության՛՛ գործընթացի շուրջ իրավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կուսակցության ղեկավարությունը բանակցություններ է վարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը դիմել էր իր կողմնակիցներին զենքը վայր դնելու կոչով։