Էրդողանն ու ԱՄՆ պատվիրակության անդամները քննարկել են Սիրիայի հարցը
Հինգշաբթի Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի տետ-ա-տետ հանդիպումը, տեղեկացրել են թուրք առաջնորդի գրասենյակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Էրդողանն ընդունել է Փենսին մայրաքաղաքի Բեշթեփե թաղամասի նախագահական պալատում: Հանդիպումը տևել է ավելի քան 1.5 ժամ:
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ մինչ այս պահը հայտարարություն չի եղել: Ինչպես և սպասվում էր, նրանց հիմնական թեման պիտի լիներ Թուրքիայի Խաղաղության ակունք օպերացիան Սիրիայում: Փենսի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակությունը այցելել է Թուրքիա, որպեսզի համոզի ղեկավարությանը՝ դադարեցնել գործողությունը:
Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական ռոբերտ Օ՛Բրայենը և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Նշենք, որ երեկ Թուրքիայի նախագահը, պատասխանելով Sky News-ի հարցերին, հայտարարել է, որ չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, որը հայտարարել էր երկիր իր կատարելիք այցի մասին: «Ես չեմ խոսի նրա հետ: Երբ այստեղ գա Թրամփը, նրա հետ էլ կզրուցեմ»,-նշել է նա:
Էրդողանի խոսքերով՝ ԱՄՆ պատվիրակության անդամները պիտի զրուցեն իրենց գործընկերների հետ:
Եվ, այնուամենայնիվ, բարձր մակարդակով հանդիպումը կայացել է հենց այսօր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ փոխնախագահ Փենսն ու պետքարտուղար Պոմպեոն մեկնում են Թուրքիա, որպեսզի քննարկեն սիրիական քրդերի վրա հարձակման դադարեցումը: