Եմենի հութիները ԱՄՆ-ի կողմից նավահանգստի ոչնչացմանը պատասխանել են հրթիռային հարձակումներով
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Եմենի Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում էր հութիների վերահսկողության տակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ հրամանատարության՝ ոչնչացման նպատակն է եղել նրանց տնտեսական ու ռազմական ներուժը խաթարելը։ Նավահանգիստը, որը նաև նավթային լցանավեր է ընդունել, օգնել է Եմենի հութի ապստամբներին ապահովել իրենց տնտեսական ու ռազմական շահերը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկագրի մեջ ընդգծվում է, որ Ռաս Իսա նավահանգստի վրա ամերիկյան հարվածները «նպատակ չունեին վնասել Եմենի ժողովրդին, որը իրավացիորեն ցանկանում է թոթափել հութիների լուծը և ապրել խաղաղության մեջ»։
Միևնույն ժամանակ, Եմենի ապստամբները հայտարարել են, որ նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է 58 մարդ, վիրավորվել 126-ը։
Ի պատասխան՝ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են ամերիկյան Harry Truman և Carl Vinson ավիակիրների, ինչպես նաև դրանց ուղեկցող ռազմանավերի վրա։ Այդ մասին հայտարարել է ապստամբների ձևավորած զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա նաև ասել է, որ «ամերիկյան ռազմական ուժերի կուտակումը և Եմենի դեմ շարունակվող ագրեսիան միայն նոր հարձակումների կհանգեցնեն»։ «Նոր ժամանած ավիակիրը չի կարողանա հասնել նրան, ինչը չհաջողվեց նախորդ հինգին»,- հավելել է հութիների ներկայացուցիչը։
Յահյա Սարիան հայտնել է նաև, որ հութիները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտակայքում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի վրա։