ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար
Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինայի պաշտպանության ոլորտի հաջորդ՝ 6,1 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթը՝ սպառազինությունների ձեռքբերման համար` որպես ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի մի մաս։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարության մեջ նշել է, որ պաշտպանական ֆինանսավորումն ուղղվելու է Կիևին հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ տրամադրելուն։
«Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան ցույց է տալիս, որ մեր աջակցությունն անսասան է։ Այսօր մենք հաստատել ենք 6,1 միլիարդ եվրոյի ֆինանսավորում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների համար, որոնց կարիքը Ուկրաինան անհապաղ ունի։
Քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է իր հարձակումները, մենք ակտիվացնում ենք մեր աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր ժողովրդին և իր երկինքը։ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին, և մենք կտրամադրենք այն, ինչ նրան անհրաժեշտ է, երբ դրա կարիքը լինի»,- ասել է նա։
ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ Ռուսաստանի «անդադար» սպառնալիքների պայմաններում ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար։
«Մենք հնարավորություն ենք տալիս Ուկրաինային ձեռք բերել հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք նրան անհրաժեշտ են իր ժողովրդին պաշտպանելու և ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ գնումների մեծ մասը կիրականացվի եվրոպական պաշտպանական ընկերություններից՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային հզորությանը։
Ուկրաինայի վարչապետ Սերգի Կորեցկին X հարթակում հրապարակմամբ ողջունել է հայտարարությունը. «Մեր Անկախության օրը Եվրոպայի աջակցությունը վերածվում է այն կարողություններին, որոնք Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ են՝ մեր ժողովրդին և մեր երկինքը պաշտպանելու համար։ Շնորհակալություն, նախագահ ֆոն դեր Լայեն, 6,1 միլիարդ եվրոյի մասին որոշման համար»։
Նշենք, որ օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը։



