ԵՄ երկրները չպետք է Ռուսաստանի հետ խոսեն գերազանցության լեզվով․ Լավրով
Եվրամիության (ԵՄ) երկրները չպետք է Ռուսաստանի հետ խոսեն գերազանցության լեզվով։ Այս մասին ապրիլի 20-ին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Известия»-ն։
«Կարիք չկա Ռուսաստանի հետ խոսել նման լեզվով (գերազանցության): Եվ եթե այս «կամավորների կոալիցիան» գլխավորում են գոնե մի քանի քիչ թե շատ ողջամիտ առաջնորդներ, ապա նրանք պետք է արագ գիտակցեն դա»,- ասել է Լավրովը լրագրողի Telegram ալիքում հրապարակված հարցազրույցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ երկրների ղեկավարները «գնում են Եվրոպայում նացիստական գաղափարախոսության վերածնման ճանապարհով» և «բղավում» ռազմատենչ ու թշնամական կարգախոսներ Ռուսաստանի նկատմամբ։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած խնդրի բաց քննարկման, սակայն արժանապատիվ պահվածք է ակնկալում նրանցից, ում հետ կբանակցի։
Լավրովը հայտարարել է նաև, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ ԵՄ-ի կողմից անդամ երկրների Ռուսաստան այցելելու արգելքը վերականգնում է նացիզմի գաղափարախոսությունը։ Ըստ նրա, ռուսաստանյան կողմը «կգործադրի բոլոր ջանքերը», որպեսզի եվրոպական երկրները վերադառնան իրենց «ճշմարիտ արժեքներին», և որ նացիստական հայացքները չտարածվեն նրանց մեջ։