ԵԽԽՎ-ում կսահմանափակվեն վրացական պատվիրակության լիազորությունները
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները կսահմանափակվեն: Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բարձրացրել է Վեհաժողովի աշխատանքներից Վրաստանին հեռացնելու հարցը, տեղեկացնում է apsny.ge-ն:
Նշվում է, որ ԵԽԽՎ-ում լիարժեք ձայնի իրավունքը վերականգնելու համար Թբիլիսին պետք է կատարի մի շարք պայմաններ, որից հետո որոշումը կվերանայվի ապրիլին:
Մոնիթորինգի կոմիտեն նշել է․ «2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, ներառյալ հավաքների և կարծիքների արտահայտման ազատության խախտումները, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ճնշումները, հակասում են երկրի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորություններին։ Ուստի կոմիտեն Վրաստանի իշխանություններից պահանջում է հստակ երաշխիքներ, որ նրանք պատրաստ են դադարեցնել ժողովրդավարական հետընթացը և կատարել իրենց պարտավորությունները։ Կոմիտեն առաջարկում է, ի նշան երկխոսության բաց լինելու, վավերացնել վրացական պատվիրակության լիազորությունները ընթացիկ նստաշրջանում»։
Հաղորդվում է նաև, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը վերջնական որոշումը կկայացնի այսօր քվեարկության միջոցով: