ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ ընդունել է քննադատական բանաձև

ԵԽԽՎ-ն Վրաստանի վերաբերյալ ընդունել է քննադատական բանաձև

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 89 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել է քննադատական բանաձև Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն:

Վեհաժողովը խոր ափսոսանք է հայտնել, որ հունվարին լիազորությունների սահմանափակ վավերացման որոշումից հետո վրացական պատվիրակության բոլոր անդամները լքել են հանձնաժողովը՝ մերժելով երկխոսությունը, ինչի հետևանքով այժմ ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակություն չկա։ Բանաձևում նշված է, որ վեհաժողովի աշխատանքներին մասնակցությունը վավերացված մանդատ ունեցող անդամների համար պարտավորություն է, ոչ թե` ընտրություն։

ԵԽԽՎ-ի համաձայն, «Վրացական երազանք»-ի կողմից վեհաժողովի առաջարկությունների չկատարումը և շարունակական ժողովրդավարական հետընթացը բացասաբար կանդրադառնան ապագայում նոր վրացական պատվիրակության մանդատների վավերացման վրա, եթե դրանք ներկայացվեն վեհաժողովի հաջորդ նստաշրջանին։

Նոր բանաձևով ուժի մեջ են մնում նաև նախկին բանաձևում ներկայացված պահանջները՝ ստեղծել պայմաններ ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար, նաև անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Բանաձևը բաղկացած է 14 կետից։ Փաստաթղթում նշված է, որ նախորդ որևէ առաջարկություն չի կատարվել։ Ընդհակառակը` իրավիճակը վատթարացել է, և ավելացել են նոր քննադատություններ և մարտահրավերներ, որոնք, գործընկերների գնահատմամբ, առկա են վրացական ժողովրդավարության առջև։ Վեհաժողովը մտահոգություն է հայտնել ժողովրդավարության որակի նման արագ անկման կապակցությամբ։

Հունվարի նստաշրջանում ԵԽԽՎ-ն  Վրաստանի պատվիրակության  լիազորությունները սահմանափակ էր ճանաչել մի շարք պայմաններով, որոնց կատարումը պետք է քննարկվեր ապրիլի նստաշրջանում։

Սակայն, մինչ ԵԽԽՎ-ն քննարկեր վրացական պատվիրակության լիազորությունները, «Վրացական երազանք»-ը պատվիրակության անդամներին ժամանակից շուտ հետ էր կանչել վեհաժողովից։

Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1999 թվականից։ «Ես վրացի եմ, այսինքն՝ եվրոպացի» հայտնի խոսքը Վրաստանի այդ ժամանակվա խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան արտասանել է հենց ԵԽԽՎ-ի ամբիոնից 1999 թվականին։

  • Կիսվել: