Եգիպտոսը 2023–ին ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակումից առաջ զգուշացրել էր Իսրայելին
Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումից ընդամենը մի քանի օր առաջ, երրորդ անգամ զգուշացրել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուին Գազայի հատվածից անխուսափելի հարձակման մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը։
«Դրսում 2023 թվականի հոկտեմբերն էր, և Գազայից նախապատրաստվող հարձակման նշանների վերաբերյալ Եգիպտոսի երկու նախազգուշացումները մնացել էին Իսրայելի անուշադրության մատնված։ Քամելը զանգահարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ երրորդ անգամ նրան վտանգի մասին զգուշացնելու համար», - հայտնել են պարբերականին արաբական երկրներից մեկի կառավարության իրազեկ աղբյուրները։
Զրուցակիցները հստակեցրել են, որ եգիպտական իշխանությունները առաջին անգամ Իսրայելին զգուշացրել էին 2023 թվականի հունիսին՝ Գազայի հատվածում անկայուն իրավիճակի մասին և խորհուրդ տվել վերսկսել բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ։
Սեպտեմբերին Քամելը մեկնել էր Իսրայել և զգուշացրել, որ «Գազայում իրավիճակը չափազանց ծանր է և կարող է աղետի վերածվել բոլորի համար», - նշել են աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Իսրայելի իշխանությունները անտեսել էին նախազգուշացումները՝ հայտարարելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է։
Պարբերականը նշում է, որ «եգիպտացիները շարունակում էին զգուշացնել Իսրայելին մինչև հարձակման մեկնարկից 48 ժամ առաջ»։
Բացի այդ, թերթի տվյալներով, 2023 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ի ղեկավար Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայանն էլ էր զանգահարել Նեթանյահուին՝ նրան զգուշացնելու ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակման նշանների մասին։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ դատարան է տալու «Հաարեց» թերթին՝ այն հոդվածից հետո, որում պնդվում էր, թե ԱՄԷ-ի ղեկավարությունն անձամբ իրեն զգուշացրել էր ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակման մասին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից քիչ առաջ։
«Վարչապետը հանձնարարել է իր փաստաբաններին զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել «Հաարեց» թերթի դեմ», - ասվում է Նեթանյահուի՝ X սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նա պարբերականի հրապարակումը սուտ է անվանել և նշել, որ 2023 թվականի սեպտեմբերի սկզբից մինչև հոկտեմբերի 7-ը իր և ԱՄԷ-ի նախագահի միջև ոչ մի զրույց չի եղել։ Նեթանյահուի խոսքով՝ «Հաարեց»-ի հոդվածը «ձախ ուժերի նախընտրական արշավի մի մասն է», և նման «ստախոս մեղադրանքներ դեռ շատ կլինեն»։
Նախօրեին «Հաարեց» պարբերականը, հղում անելով լրագրողներ Շլոմի Էլդարի և Ռութ Յուվալի գրած գրքի տեղեկությանը, հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Նեթանյահուն 45 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի առաջնորդ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայյանի հետ։ ԱՄԷ-ի նախագահն այն ժամանակ զգուշացրել էր իսրայելցի վարչապետին, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը ծրագրում է լայնածավալ գործողություններ Իսրայելի դեմ։ Միաժամանակ, ինչպես գրել էր պարբերականը, Նեթանյահուն իր հերթին հավաստիացրել էր, որ Իսրայելը վերահսկում է իրավիճակը Գազայում, և որ ցանկացած քայլ, որ կարող է ձեռնարկել ՀԱՄԱՍ-ը, հավանաբար, կլինի Արևմտյան ափում։ Նեթանյահուն նաև նշել էր, որ Իսրայելը «պատրաստ է ցանկացած սցենարի»։ «Հաարեց»-ի տեղեկությամբ՝ այս տեղեկատվությունը ստանալուց հետո Նեթանյահուն չի տեղեկացրել Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարությանը ԱՄԷ-ից ստացված տեղեկության մասին և ընդհանրապես «ոչինչ չի արել դրա հետ»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ ՑԱՀԱԼ-ը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություն է սկսել։



