Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում, տեղեկացնում է Interfax-ը։
Նշվում է, որ վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել հրդեհի ազդանշանի միացումը։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհ չի բռնկվել: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Թարմացում.
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Победа» ավիաընկերության ուղևորատար Boeing 737-ը, որը Դուբայից Մոսկվա էր թռչում, աղետի ազդանշան է ուղարկել Կասպից ծովի վրա։ Դրանից հետո նա վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում։ Ավիաընկերությունը «Коммерсантъ»-ին հայտնել է, որ ազդանշանը կեղծ է եղել:
«Դուբայ-Մոսկվա երթուղու DP992 չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստրախանի այլընտրանքային օդանավակայանում՝ համակարգերից մեկի սենսորից կեղծ ահազանգի պատճառով»,- հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ինքնաթիռը Դուբայից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 15:39-ին, իսկ Մոսկվայի ժամանակով 19:46-ին պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ։
Ավիացիոն ծառայությունները ТАСС-ին հայտնել են, որ վթարային վայրէջքը տեղի է ունեցել միացված հրդեհային ահազանգի պատճառով։ Հարավային տրանսպորտի դատախազությունը վթարային վայրէջքից հետո հսկողության տակ է առել ուղևորների իրավունքների պահպանումը։