Դամասկոսում «Ռուսական տունը» բացելու ուղղությամբ փոխգործակցությունը շարունակվում է
Դամասկոսում «Ռուսական տունն» առաջվա պես փակ է, սակայն «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն շարունակում է փոխգործակցել սիրիացի գործընկերների հետ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գործակալության ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
«Այս պահին «Ռուսական տունը» չի բացվել, քանի որ Դամասկոսում տիրող իրավիճակը թույլ չի տալիս դա անել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Շևցովը։
Նա ընդգծել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ուշադիր հետևում է Սիրիայի ներքաղաքական գործընթացներին։
«Միևնույն ժամանակ մենք չենք կորցնում կապը սիրիացի գործընկերների հետ, մենք փոխգործակցում ենք», - եզրափակել է Շևցովը։
Հունվարին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր Telegram ալիքում գրել էր, որ Դամասկոսում «Ռուսական տունը» փակ է, իսկ Ռուսաստանի դեսպանատունն աշխատանք է տանում այնտեղ ներկայությունը պահպանելու համար:
2024 թ. նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս. Բաշար ալ-Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և հեռացավ երկրից։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին Սիրիայի նախագահ հայտարարվեց անցումային ժամանակաշրջանում։