երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Չինաստանը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին իր իրավունքները պաշտպանելու մասին

Չինաստանը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման ֆոնին իր իրավունքները պաշտպանելու մասին

ԱՄՆ-ն նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ սպառնալով դրանք տարածել նաև Իրանի առևտրային գործընկերների վրա, որոնց թվում է նաև Պեկինը։ Այս համատեքստում Չինաստանը հայտարարել է, որ կպաշտպանի իր շահերը, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ երկիրը հաստատակամորեն դեմ է «անօրինական միակողմանի պատժամիջոցներին» և կձեռնարկի «բոլոր անհրաժեշտ միջոցառումները»՝ իր իրավունքները պաշտպանելու համար

«Չինաստանի և Իրանի միջև համագործակցությունը միշտ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում և չպետք է միջամտության ենթարկվի կամ խաթարվի»,-ասել է նա:

Չինաստանն իրանական նավթի ամենամեծ գնորդն է, չնայած Հորմուզի նեղուցի շրջափակման պայմաններում առևտուրը նվազել է։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է կտրուկ խստացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ՝ մտադրվելով ամբողջությամբ արգելափակել Թեհրանի եկամտի աղբյուրները: Ընդ որում, Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի երկրորդային պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը կհրաժարվի կատարել նոր հակաիրանական սահմանափակիչ միջոցները: Նա հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզանգահարի համաշխարհային ղեկավարներին՝ «հստակ խնդրանքով՝ դադարեցնել Իրանի հետ շփումները»։

Իրանի ֆինանսների նախարարն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին։

  • Կիսվել: