Բորել․ ԵՄ-ն չի նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ
Եվրամիությունը չի նախատեսում կանխարգելիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի վրա նրա ենթադրյալ հարձակման դեպքում։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
«Ոչ ոք չի խոսել Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների մասին»,- ասել է Բորելը` պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին։ «Կանխարգելիչ պատժամիջոցներ չեն կարող լինել, և մենք դրանց մասին չենք խոսում, մենք քննարկում ենք, թե ինչ պետք է անել, եթե ինչ-որ բան լինի, որպեսզի շաբաթներ չծախսենք քննարկումների վրա», - ասել է նա։
«Եթե գործելու անհրաժեշտություն լինի, մենք ստիպված կլինենք գործել»,- ընդգծել է Բորելը, հավելելով, որ «Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի քայլեր ձեռնարկել»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «ԵՄ-ն միաժամանակ խրախուսում է Ուկրաինային բարեփոխումներ իրականացնել, որպեսզի նա կարողանա ավելի լավ դիմակայել արտաքին ճնշմանը»։ «Մենք Ուկրաինայում մեր ընկերներին ասում ենք, որ մեր աջակցությունը պետք է հանգեցնի բարեփոխումների:
Մենք օգնություն ենք տրամադրում Ուկրաինային՝ բարեփոխել իր քաղաքական, տնտեսական, իրավական համակարգերը», - ասել է Բորելը: Նա կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունները «պետք է Ուկրաինան դարձնեն ավելի ժողովրդավարական և ավելի բարգավաճ երկիր»,- եզրափակել է նա։