կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։ Այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բ․Սալեհը շնորհակալություն է հայտնել Հր․Փոլադյանին:

«Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծել է վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։ Դիվանագետի միջոցով նա իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դեսպան Հր․Փոլադյանը ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար շնորհակալություն է հայտնել նախագահին: Նա գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իրաքյան իշխանություններն ու անձամբ նախագահը գործուն աջակցություն են ցուցաբերել Իրաքում ՀՀ դեսպանության ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

  • Կիսվել: