Բաքվում հայտարարել են Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված խմբի հայտնաբերման մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է ՛՛Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո ստեղծված անօրինական զինված կազմավորում՛՛ հայտնաբերելու մասին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով գերատեսչությունը, ՛՛Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո արմատական ծայրահեղական կրոնական գաղափարներ սերմանելու միջոցով ստեղծվել է Ադրբեջանի քաղաքացիներից կազմված անօրինական զինված կազմավորում՛՛:
Նշվում է, որ կազմավորման մասնակիցները երրորդ երկրների տարածքով տեղափոխվել են Թեհրան, ապա տեղափոխվել Սիրիա, որտեղ ներգրավվել են զորավարժություններում, վարժվել են հրազենի կիրառման կանոններին եւ մարտական մարտավարությանը:
Նշվում է, որ հետաքննությանը ներգրավվել է Ադրբեջանի 19 քաղաքացի, ՛՛որոնց օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել են անօրինական զինված կազմավորումների ռազմական զորավարժություններին մասնակցելու համար՛՛:
Նշվում է, որ նրանցից առգրավել են ՛՛Ադրբեջանում արգելված կրոնական-ծայրահեղական հայացքներ քարոզող՛՛ ծայրահեղական տեսանյութեր և գրքեր։
Ըստ հաղորդագրության՝ խմբի մասնակիցների թվում են եղել այն անձինք, ովքեր ՛՛իրենց համարում են ՛՛Մահմեդական միասնության շարժում՛՛ կոչվող կազմակերպության անդամներ՛՛, իսկ կազմավորման ղեկավարումը հանձնարարվել է Իբրահիմբեյլի Թոխիդ Ալիմ օղլիին, Ասադով Ռովշան Էլչին օղլիին, Մամեդով Օրհան Քյամրան օղլիին, Հաջիեւ Էլշադ Էլչին օղլուիին (Աքրամ Հաջիզադե) եւ այլ անձանց, որոնք, ինչպես պնդում է հատուկ ծառայությունը, թաքնվում են Իրանում: