Արևմտյան տվյալների կենտրոնը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կառաջացնի ՀՀ-ի համար․ ՌԴ ԱԽ
Արևմտյան սարքավորումներով ու տեխնոլոգիաներով Հայաստանում բացված նոր տվյալների կենտրոնը ավելորդ է երկրի կարիքների համար, իսկ դրա հզորության ավելացումը սպառնում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Հայաստանի ներքին կարիքների համար այս քաղաքացիական օբյեկտը ակնհայտորեն ավելորդ է, քանի որ երկրում 2024 թվականից գործում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող OVIO տվյալների կենտրոնը, որն ամբողջությամբ ծածկում է տվյալների պահպանման հարցում առևտրային և պետական կառույցների պահանջմունքները», — նշել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը՝ մեկնաբանելով Հրազդան քաղաքում NVIDIA պրոցեսորներով աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։
Շևցովը ուշադրություն է հրավիրել Firebird ընկերության ծրագրերի վրա, որը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը Հրազդանի համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը «կազմում է ձմռան ժամանակահատվածում Հայաստանի էներգահամակարգի ծանրաբեռնվածության (1,3 ԳՎտ) գրեթե մեկ քառորդը»։ «Այսպիսով, հայտարարված ծրագրերի հաշվառմամբ՝ կենտրոնի աշխատանքը պահպանելու համար լրացուցիչ էներգետիկ հզորություններ կպահանջվեն», — վստահություն է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։ Նրա կարծիքով՝ «աճող կարիքների, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորացման ֆոնին, Հայաստանը կարող է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտի բախվել, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա»։



