ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ փոխնախագահը Վատիկանում կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի պապի հետ

ԱՄՆ փոխնախագահը Վատիկանում կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի պապի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի օրը կարճատև հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ՝ Թրամփի վարչակազմի՝ ներգաղթյալների արտաքսման ծրագրերի պատճառով առաջացած տարաձայնությունների պայմաններում Զատկի տոնի շնորհավորանքներ փոխանակելու համար։

Ֆրանցիսկոս պապը, որը ապաքինվում է թոքաբորբից հետո, Վենսին ընդունել է Վատիկանի հյուրանոցի ընդունելությունների սենյակներից մեկում, որտեղ նա ապրում է։ 88-ամյա Պապը ԱՄՆ փոխնախագահին նվիրել է երեք մեծ շոկոլադե ձու՝ Վենսի երեք մանկահասակ երեխաների համար, որոնք ներկա չեն եղել արարողությանը, ինչպես նաև Վատիկանի փողկապ և համրիչ։

«Գիտեմ, որ լավ չեք զգում, բայց ուրախ եմ ձեզ առողջ տեսնելու համար,- ասել է Վենսը Հռոմի պապին։- Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար»։

Վենսի ավտոշարասյունը Սուրբ Պետրոսի հրապարակում Սուրբ Զատկի պատարագ մատուցելու ժամանակ կողային դարպասից մտել է Վատիկան։ Ֆրանցիսկոսը պատարագի կատարումը վստահել է մեկ այլ կարդինալի։

Վատիկանը հայտնել է, որ նրանք մի քանի րոպեով հանդիպել են Սանտա Մարտայում՝ Սուրբ Զատկի ողջույններ փոխանակելու համար:

Վենսի գրասենյակից հայտնել են, որ նրանք հանդիպել են, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: Ընդհանուր առմամբ, Վենսի ավտոշարասյունը Վատիկանի տարածքում եղել է 17 րոպե։

Այնուհետև Սուրբ Պողոսի տաճարում Զատկի պատարագի ժամանակ նա միացել է իր ընտանիքին՝  քաղաքի պատերից դուրս՝ Հռոմի պապական չորս բազիլիկներից մեկում: Վենսերն այցելել են այդտեղ գտնվող Պողոս առաքյալի գերեզմանը։

  • Կիսվել: