ԱՄՆ պետքարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության ջանքերից հրաժարվելու հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսի տարածած հայտարարությունից։
Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, որպեսզի նրան ներկայացնի երեկ Փարիզում ուկրաինական պատվիրակությանը և ռուս պաշտոնյաներին հեռախոսով ներկայացված խաղաղության առաջարկը։
Պետքարտուղարն ընդգծել է, որ թեև «ԱՄՆ ժողովուրդը հավատարիմ է պատերազմի ավարտին օգնելուն, եթե շուտով խաղաղության հստակ ուղի չհայտնվի, Միացյալ Նահանգները կհրաժարվի խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերից»:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ եթե Ուկրաինայում պատերազմի ավարտն անհնար է, ապա ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իր ջանքերն «օրերի» ընթացքում և առաջ շարժվի:
«Եթե անհնար է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, մենք պետք է առաջ շարժվենք։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն: ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային վերջին երեք տարիներին, և մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի, բայց սա մեր պատերազմը չէ։ Նախագահը (Թրամփը) 87 օր է անցկացրել այս կառավարության ամենաբարձր մակարդակում՝ բազմիցս ջանքեր գործադրելով այս պատերազմը վերջ տալու համար։ Մենք հիմա գալիս ենք նրան, որ պետք է որոշենք՝ դա հնարավոր է, թե ոչ»,-նշել է նա: