ԱՄՆ նախագահը հետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը. Մեքսիկայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը: Այս մասին իր թվիթերյա էջում հայտնել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ»։
Շեյնբաումի խոսքով՝ Թրամփի հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Նա նշել է, որ Մեքսիկան անմիջապես կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ ուղարկելով Ազգային գվարդիայի 10 հազար զինծառայող՝ Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի շրջանառությունը կանխելու համար:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել՝ կանխելու հզոր զենքերի մատակարարումը դեպի Մեքսիկա: Այսօր մեր թիմերը կսկսեն աշխատել երկու ուղղությամբ՝ անվտանգություն և առևտուր: Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցված են մեկ ամսով»,- գրել է Մեքսիկայի նախագահը։