ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ն զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից. աղբյուր

ԱՄՆ-ն զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից. աղբյուր

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց ռազմաբազան. տեղեկացնում է Al Arabiya News-ը:

Նշվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում բազայից դուրս է եկել երկու ռազմական շարասյուն՝ ավելի քան 70 և 200 միավոր տեխնիկայով:

Ըստ աղբյուրի՝ Կոնիկո հանքավայրում է գտնվում Սիրիայի գազի վերամշակման ամենամեծ գործարանը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ հանքավայրն օրական արդյունահանել է մոտ 10 միլիոն խորանարդ մետր բնական գազ։ Կոնիկոյում գտնվող ամերիկյան բազան ունի ուսումնական կենտրոն, ուղղաթիռի վայրէջքի հրապարակ, Patriot զենիթային համակարգեր և Bradley զրահապատ մեքենաներ։

Հաղորդվում է նաև, որ սարքավորումները տեղափոխել են Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։ Բազան զբաղեցրել էր միայն ամերիկյան բանակը, այնտեղ քուրդ զինյալներ չկան։

Ըստ Ynet-ի՝ ամերիկյան անվտանգության ուժերը նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ն կսկսի զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայից։ Իր հերթին Իսրայելը փորձել է կանխել դա՝ վախենալով տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումից, սակայն նրա ջանքերը հաջողություն չեն ունեցել։

ԱՄՆ ՊՆ-ն Սիրիայից զորքի դուրսբերման մասին լուրը ոչ հերքել է, ոչ հաստատել:

 

  • Կիսվել: