ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի համագործակցության կասեցումն ԱԷՄԳ-ի հետ
Իրանի կողմից ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցումը անընդունելի է։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։
«Մենք անընդունելի բառով կմեկնաբանենք այն, որ Իրանը որոշեց դադարեցնել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ այն ժամանակ, երբ ունի հնարավորություն փոխելու իրերի ընթացքը և ընտրելու խաղաղության ու բարգավաճման ուղին», - նշել է նա։
Բրյուսը հայտարարել է, որ Իրանը պետք է լիովին հետևի իր Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) պարտավորություններին, այդ թվում՝ ԱԷՄԳ-ին տրամադրելով չհայտարարագրված միջուկային նյութերի վերաբերյալ տեղեկատվություն և չսահմանափակելով հասանելիությունը նոր հայտարարված հարստացման կայան։
«Հարկավոր է կրկնել, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել այս հարցում, Իրանը չի կարող և չի ունենա միջուկային զենք։ Նախագահը դա բազմիցս ասել է։ Պետքարտուղարը ևս այդ մասին բազմիցս նշել է»,- ընդգծել է Բրյուսը։
Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որով դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր կատարման համար։