ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են. մանրամասներ
Մուսկատում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ Tasnim-ին իրանական պատվիրակության անդամներից մեկը հայտնել էր, որ բանակցությունները շարունակվում են և ընթանում են դրական մթնոլորտում։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների մթնոլորտը դրական է: Բանակցությունները շարունակվում են: Դժվար թե դրանք տևեն մինչև վաղը»,- ասել է նա:
Գործակալությունը հավելել է, որ այսօր Օմանի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ են անցկացվել Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Այս անուղղակի բանակցությունները միջնորդել է Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդը։
Իրանական կողմը հայտարարել է, որ այս անուղղակի բանակցությունները վերաբերում են բացառապես միջուկային խնդիրներին։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունի այդ բանակցություններում սպառնալիքները և կքննարկի միջուկային հարցը միայն փոխշահավետ բանակցությունների հիման վրա։
Իրանը հայտարարել է, որ Թեհրանի բանակցությունների տրամաբանությունը պատժամիջոցների չեղարկման դիմաց վստահության ձևավորումն է:
Երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը և Աբբաս Արաղչին մի քանի րոպե զրուցել են Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։
ԻԻՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Իրանի ԱԳ նախարարը և ԱՄՆ հատուկ դեսպանորդը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից: