Amazon-ը սկսում է ինտերնետային արբանյակներ արձակել ուղեծիր՝ մրցակցելով Starlink-ի հետ
Amazon-ը տիեզերք է ուղարկել ինտերնետային արբանյակների առաջին խումբը՝ որպես Kuiper նախագծի մաս, որը Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգի անմիջական մրցակիցն է, գրում է BBC-ն։
Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից արձակվել է United Launch Alliance (ULA) ընկերության Atlas V հրթիռակիրը՝ ուղեծիր տանելով 27 արբանյակ։ Առաջիկա տարիների ընթացքում Amazon-ը նախատեսում է Երկրի ցածր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ, որոնք կտեղակայվեն 590, 610 և 630 կմ բարձրություններում և կաշխատեն Երկրի վրա գործող 12 կայանի հետ համատեղ։
Համակարգը կապահովի լայնաշերտ ինտերնետ հասանելիություն մինչև 400 մեգաբիթ վայրկյան արագությամբ (մինչև 1 Գբիթ/վրկ կամ ավելի մեծացնելու հնարավորությամբ): Արբանյակների արձակմամբ Amazon-ը պաշտոնապես մտավ մրցավազքի մեջ ոչ միայն Starlink-ի, այլև մյուս արբանյակային ինտերնետ օպերատորների հետ։
SpaceX-ը իր արբանյակների առաջին խմբաքանակն արձակել է 2019 թվականին, և այժմ ուղեծրում ունի ավելի քան 6750 արբանյակ։