Ալիևը հայտարարել է, որ Չինաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ երկխոսություն են սկսում
Ադրբեջանը և Չինաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ երկխոսություն են սկսում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ չինական ընկերությունները հրավիրվել են որպես ռազմավարական գործընկերներ տարբեր, ներառյալ՝ կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցելու։
Ալիևը հավելել է, որ Բաքուն և Պեկինը 2024 թվականին ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել, որը «շատ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում, քանի որ Չինաստանի նման մեծ երկրի հետ համագործակցությամբ ռազմավարական գործընկերության ձևաչափ ունենալը, իհարկե, չափազանց կարևոր է Ադրբեջանի համար»։
«Մենք երկխոսություն ենք սկսում պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ և կարծում ենք՝ դա կարող է շատ խոստումնալից գործընթաց լինել, քանի որ, ինչպես արդեն քննարկել ենք, Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը: Իհարկե, մենք շահագրգռված կլինենք մատակարարումների, ինչպես նաև համատեղ արտադրության աշխարհագրության դիվերսիֆիկացմամբ»,-նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Չինաստանի հետ համատեղ արտադրության, տրանսպորտի, Միջին միջանցքի զարգացման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման ոլորտում համագործակցությամբ։