Ալիևի՝ Չինաստան այցի օրակարգը հայտնի է
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-24-ը պետական այցով կլինի Չինաստանում: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Մամուլի ասուլիսի ժամանակ չինացի դիվանագետը հայտարարել է, որ Չինաստանը և Ադրբեջանը «ռազմավարական գործընկերներ են»:
Նշվում է, որ երկու կողմերի միջև շարունակում է ամրապնդվել քաղաքական փոխվստահությունը, «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը «արգասավոր» արդյունքներ է տվել, իսկ միջազգային համագործակցությունը արդյունավետ է եղել։
Ըստ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Ալիևի այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիր մշակելու շուրջ բանակցություններ կվարի նրա հետ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեջին կհանդիպեն Ալիևի հետ՝ տարբեր բնագավառներում համագործակցության վերաբերյալ մտքեր փոխանակելու համար։