ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ Իրանի հետ բանակցություններում դրական արդյունքի հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վստահության արժանի լինելու համար պետք է քննարկվի ԱԷՄԳ-ի կողմից: Կարևոր է, որ մենք լսենք Իրանի խոսքը, նաև տեսնենք, թե ինչ ակնկալիքներ ունի Իրանը։ Ես նաև կապի մեջ եմ ամերիկացի բանագնացի հետ՝ հասկանալու համար, թե գործակալությունն ինչպես կարող է օգնել դրական արդյունքի հասնել բանակցություններում», - ասել է նա։
Գրոսին Թեհրան է ժամանել ապրիլի 16-ին, որտեղ արդեն բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ Արաղչին Գրոսիի հետ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ին կոչ է արել տեղի չտալ ճնշումներին, որոնք փորձում են գործադրել որոշ պետություններ։