շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ազգային ժողովի պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի ազգային ժողովի պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 16-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Աքարը  գրառում է կատարել Ադրբեջանի ՊՆ-ի «Պատվավոր հյուրերի գրքում»։

Հասանովը նշել է, որ ուրախ է Ադրբեջանում Թուրքիայից ժամանած հյուրերին տեսնելու համար։ Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունները հատուկ դեր են խաղում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման գործում։

Աքարն իր հերթին գոհունակություն է հայտնել այս տարի Ադրբեջան կատարած իր առաջին այցի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Կարևորելով փոխայցելությունները՝ նա մասնավորապես ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը, որոնք հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի, շարունակաբար զարգանում են: 

Հանդիպումը ներառել է մտքերի լայն փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության շուրջ։ 

  • Կիսվել: