Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» իրենց հիմնական նպատակներից է
Մինչ Հայաստանում անհույս փորձեր են արվում «փայփայել» փխրուն խաղաղությունը, Ադրբեջանը հերթական քայլն է անում դեպի Հայաստան։ Նախկինում «փորձագետների» հայտարարած «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հորինովի խոսույթը կրկնել են արդեն ավելի բարձր մակարդակում՝ երկրի խորհրդարանում։ Այս մասին գրել է Karabakh Records-ը։
Այսպես, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Զիյաֆաթ Ասգարովը հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի վերադարձը մեր հիմնական նպատակներից մեկն է»։
Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող իրենց հորինած «Արևմտյան Ադրբեջանի» հողերը իբր «պատմական ադրբեջանական հողեր են»։ Միևնույն ժամանակ ադրբեջանցի մեջլիսի փոխխոսնակը պնդում է, թե «Ադրբեջանը որևէ պետության նկատմամբ տարածքային պահանջներ չունի»։
Նա նաև նշել է, որ «վերադարձի օրն արդեն մոտ է»։
Նույն հարցազրույցում նա հղում է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ մեքենաներով»։



