Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են գրել երկրում «ռուսական գործակալական ցանցի» մասին
Ադրբեջանական իշխանամետ Qafqazinfo լրատվականը գրել է, որ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գործունեությունը դադարեցվել է երկրում Մոսկվայի շահերը սպասարկող ցանցի բացահայտումից հետո։
Լրատվականի տվյալով՝ այդ ցանցի մեջ են մտնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևը, Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մախմուդովը, նախկին նախարարներ Աբուլֆաս Գարաևը, Ազադ Ռահիմովը, Էլմար Մամեդյարովը:
Ըստ հրապարակման՝ նրանք ցուցումներ են ստացել ռուսական հետախուզության կողմից, որը գործակալական ցանցի միջոցով փորձել է ազդել Ադրբեջանում հասարակական-քաղաքական գործընթացների վրա:
Լուրը արտատպել են նաև ադրբեջանականան այլ լրատվականներ: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևը արձագանքել են ԶԼՄ-ների հրապարակումներին՝ մեղադրանքները որակելով անհիմն և կեղծ:
Նշենք, որ ադրբեջանական իրավապահ մարմինները տվյալ հրապարակման և դրանում ներկայացված պնդումների վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Տեղեկություն չկա նաև քրեական գործի հարուցման մասին: