Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ
Ի՞նչ նպատակ է հետապնդում պետությունը համընդհանուր հայտարարագրման մասով։
Հարցին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը։
Կառավարության ղեկավարը, պատասխանելով հարցին, նկատեց․ «Այս համակարգը կարևոր է ապապետությունից անցման տրամաբանության մեջ։ Համընդհանուր հայտարարագիրը այն քայլերից մեկն է, որը մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պետք է առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ։ Նպատակները մի քանիսն են․ դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի ու կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է. կոռուպցիան իրականում չի սահմանափակվում բարձրաստիճան կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով»։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Օրինակ՝ մենք այսօր գնահատում ենք անապահովության գնահատման համակարգը, որը եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը, որովհետև մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ, մենք ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում մի քանի միլիոն տասնյակ ավանդների ունենալ և տոկոսներ ստանալ։ Մենք ոչ մեկին չենք ուզում վատություն անել, բայց ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»։